Ինչո՞ւ է Apple-ի պրոդուկտների գիտակը խորհուրդ տալիս չգնել iPhone 15 Pro

1 ապրիլի, 2024  14:11

Սպառողական էլեկտրոնիկայի մասին լուրեր հրապարակող ռուսական iPhones.ru կայքի խմբագիր Արտեմ Բաուսովը ընթերցողներին է ներկայացրել iPhone 15 Pro սմարթֆոնը վեց ամիս օգտագործելուց հետո ստացած տպավորությունները՝ հորդորելով չգնել Apple-ի այս սմարթֆոնը, եթե նրանց հեռախոսները շատ հին չեն, քանզի iPhone 14-ից այս սմարթֆոնն առանձնապես չի տարբերվում։

iPhone 15 Pro-ի գլխավոր նորամուծություններից մեկը ծրագրավորվող Action Button կոճակն էր, որը փոխարինեց լուռ ռեժիմին անցնելու նախկին կոճակին։ Ըստ Բաուսովի՝ մի քանի փորձարկումներից հետո նա միացրել է լուռ ռեժիմը և մոռացել դրա գոյության մասին։

iPhones.ru կայքի խմբագիրը նշել է, որ iPhone 15 Pro-ի մարտկոցի ավելացված հզորությունը նույնպես չի ապահովել մեկ լիցքավորմամբ սմարթֆոնի աշխատանքի տևողության նկատելի աճ՝ iPhone 14 Pro-ի համեմատ:

iPhone 15 Pro-ի մեկ այլ նորամուծություն տիտանե կորպուսն էր։ Լրագրողը նշել է, որ նոր նյութի հիացական զգացողությունն անցնում է սարքն օգտագործելուց մի քանի օր հետո։ Ուստի տարբերությունը նախորդ սերնդի հետ այս առումով, ըստ նրա, չի զգացվում։ «Ալյումին, թե տիտան, տարբերություն չկա: Բացարձակ»,- գրել է Բաուսովը։

Փորձագետը մարքեթինգային հնարք է անվանել այն, որ Apple-ի շնորհանդեսի ժամանակ շեշտադրում արվեց iPhone 15 Pro-ում կիրառված A17 Pro չիպի հզորության վրա։ Ըստ նրա՝ վեց ամիս անց պարզվեց, որ պրոցեսորի այդպիսի ռեսուրսը պետք չի գալիս, այն օգտագործելու տեղ պարզապես չկա։

Բաուսովը կասկածելի է անվանել iPhone 15 Pro/Pro Max-ի երեք մեծ խաղերը (Resident Evil Village, Resident Evil 4 Remake և Death Stranding), քանի որ դրանք լավ չեն օպտիմիզացված սմարթֆոնների համար և, քանի որ դրանք թարմացումներ չեն ստանում, խնդիրը, հավանաբար, չի լուծվի։

«Ամփոփելով ասեմ ... մի՛ գնեք iPhone 15 Pro: Միայն եթե ձեր հեռախոսը հին iPhone 11 է կամ ավելի ցածր մոդել, ապա կարող եք թարմացնել»,- գրել է iPhones.ru կայքի խմբագիր Արտեմ Բաուսովը։


 
 
 
 
  • Արխիվ